Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Ամեն ինչ ավարտվա՞ծ է Թուրքիայի ու Եվրամիության հարաբերություններում

Ամեն ինչ ավարտվա՞ծ է Թուրքիայի ու Եվրամիության հարաբերություններում
24.11.2016 | 12:41

Եվրախորհրդարանը այս շաբաթ կքվեարկի Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները սառեցնելու հարցով: Թուրքական իշխանությունները կեցվածք են ընդունել, որ այլ կողմ են նայում: «Թուրքիան չպետք է տագնապներ ունենա ԵՄ-ի հարցով և չկենտրոնանա ԵՄ մտնելու հարցի վրա»՝ ասել է հանգստյան օրերին Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Իբրև այլընտրանք նա նորից խոսել է Ռուսաստանին ու Չինաստանին միանալու մասին Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ: «Ինչո՞ւ Թուրքիան Շանհայի հնգյակ չմտնի»՝ հարցրել է Էրդողանը: Թուրքիայի ճանապարհը դեպի ԵՄ երբեք հարթ չի եղել: Դեռ 1960-ական թթ. երկիրը ձգտում էր դեպի բլոկ, բայց պաշտոնական հայտը ներկայացրեց միայն 1987-ին, անդամակցության բանակցությունները սկսվեցին 2005-ին:

Հիմա փակված է միայն մեկը բանակցային դոսիեների 35 գլուխներից, որ անհրաժեշտ են ԵՄ մուտքի համար: Հավանական է, որ այս կետում Թուրքիայի առաջընթացը կանգ կառնի: Երեքշաբթի օրը Եվրախորհրդարանը սկսեց դեբատները Թուրքիայի հարցով, քվեարկությունը կլինի այս շաբաթ: «Կարծում եմ, որ որոշումը կոչ կլինի ժամանակավորապես կասեցնել անդամակցության բանակցությունները»՝ ասաց Թուրքիայի հարցով զեկուցող Կատի Պիրին: «Մենք չենք կարծում, որ բավարար հիմքեր կան ԵՄ անդամակցության բանակցությունները շարունակելու ներկա հանգամանքներում: Մենք չենք կարող առաջ շարժվել, ասես ոչինչ չի կատարվել»՝ ասել է նա BBC-ին: Բրյուսելը հրապարակավ քննադատել է թուրքական իշխանություններին ժողովրդավարական իրավունքներն ու ազատությունները խախտելու համար, հատկապես հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին հաջորդած զտումներից հետո: 110 հազար մարդ հեռացվել է աշխատանքից, 36 հազարը ձերբակալվել՝ ներառյալ ընդդիմադիր կուսակցության 10 պատգամավորների և տասնյակ լրագրողների: Մի քանի ԶԼՄ-ներ փակվեցին: «Հիմա հարցը ԵՄ անդամակցության գործընթացի անաչառությունն է: Մենք չենք խոսում, որ պետք է Թուրքիայի առաջ դուռը փակել, մենք արձանագրում ենք փաստը, որ թուրքական իշխանությունները իրենց գործողություններով իրականում փակում են դեպի ԵՄ դռները»՝ ասել է Կատի Պիրին: «Թուրքիային անհրաժեշտ է նորմալացնել իրավիճակը երկրում, նախքան մենք կկարողանանք շարունակել անդամության բանակցությունները: Նախաձեռնությունը Անկարայի կառավարության ձեռքում է, ոչ թե Եվրախորհրդարանում»՝ հավելել է նա: Թեպետ Եվրախորհրդարանի որոշումը խորհրդատվական է, կարող է նշանակալից ազդեցություն ունենալ Անկարայի հեռանկարների վրա: «Չեմ կարծում, որ Թուրքիայի անդամակցության գործընթացը պաշտոնապես կկասեցվի, միայն այն դեպքում, եթե մահապատիժը վերականգնվի: Բայց անդամ երկրները կարող են անտեսել Եվրախորհրդարանին»՝ կարծում է միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ջենգիզ Ակտարը Թուրքիայից: Նրա կարծիքով՝ խորհրդարանի որոշումը կնշանակի, որ բանակցային դոսիեի նոր գլուխներն արդեն չեն բացվի: «Դեֆակտո՝ Թուրքիայի հայցը կմերժվի»՝ եզրակացնում է Ջենգիզ Ակտարը:
Նախագահ Էրդողանը թուրքերին կոչ է արել ԵՄ-ի հետ հարաբերություններում համբերել մինչև տարեվերջ և հայտարարել է, որ հաջորդ տարի կարող է անցկացվել ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե: «Եթե հանրաքվե անցկացվի, հաշվի առնելով կառավարության ներգործությունը ազգային ԶԼՄ-ների վրա և իբրև արդյունք հասարակական կարծիքը, արդյունքը կկրկնի Բրեկզիտը: Թուրքերը կարող են «ոչ» ասել ԵՄ-ին»՝ կարծում է Ջենգիզ Ակտարը:


Այս ամենից ծագում է շատ կարևոր հարց՝ ի՞նչ կլինի միգրացիոն համաձայնագրի հետ: Մարտին Թուրքիան համաձայնեց զսպել միգրանտների ու փախստականների հոսքը եվրոպական երկրներ՝ որոշ արտոնությունների փոխարեն, օրինակ՝ ֆինանսական աջակցություն Թուրքիայում ապրող սիրիացի փախստականներին, առանց վիզայի Թուրքիայի քաղաքացիների ազատ տեղաշարժ Շենգենի գոտում: «Ռիսկ կա, որ միգրացիոն համաձայնագիրը տարեվերջին կփլուզվի»՝ կարծում է Մուրատ Սեյրեկը՝ «Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ» բրյուսելյան վերլուծական կենտրոնի ավագ քաղաքական խորհրդատուն: Եթե համաձայնագիրը դադարի գործել, կմեծանան անվտանգության տեսակետից ռիսկերը, հատկապես հաշվի առնելով, որ «Իսլամական պետությունը» շարունակում է կորցնել դիրքերն ու ազդեցությունը Մերձավոր Արևելքում: «Սիրիայում ու Իրաքում կռվող օտարերկրացի զինյալները Թուրքիայով կարող են Եվրոպա վերադառնալ: Թուրքիային ու ԵՄ-ին անհրաժեշտ է համագործակցել»՝ կարծում է Մուրատ Սեյրեկը:

BBC


Հ.Գ. RFI-ին հաղորդում է, որ Եվրախորհրդարանը նոյեմբերի 23-ին բանաձև է ընդունել «երրորդ կողմերի քարոզչությանը հակազդելու» մասին: «Երրորդ կողմ» են համարվում նախ և առաջ Ռուսաստանը, նաև ահաբեկչական կազմակերպությունները, որ հավաքագրում են ԵՄ քաղաքացիներին: Բանաձևը կոչվում է «ԵՄ ռազմավարական հաղորդակցուղիները իբրև հակազդեցություն երրորդ կողմերի քարոզչությանը»: Փաստաթուղթը քննադատում է աջակցությունը, որ Ռուսաստանը ցույց է տալիս եվրոպական ԶԼՄ-ներին և ԵՄ երկրների տարածքում նոր ռուսամետ հրատարակությունների ստեղծումը: Ռուսական քարոզչությունը մեղադրվում է ԵՄ-ն փլուզելու փորձերի և պատմությունը խեղաթյուրելու մեջ: Բանաձևի նախաձեռնողը և հեղինակը լեհ պատգամավոր Աննա Ֆոտիգան է՝ եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների ալյանսի փոխնախագահը: Եվրախորհրդարանի կայքին տրված մեկնաբանության մեջ Աննա Ֆոտիգան հայտարարել է, որ ռուսական քարոզչական արշավը, որ կատարվում է Russia Today հեռուստաալիքով և նրա սատելիտներին օգտագործելով՝ «ներգործում է եվրոպական հասարակության վրա»:

Եվրապատգամավորը հայտարարել է, որ օգտագործվում են սառը պատերազմի ժամանակների մեթոդներ ու գործիքներ: Նա ընդունել է, որ Եվրոպան սպառնալիքը գիտակցեց «ՈՒկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիայից և Ղրիմի անեքսիայից» հետո միայն: Բանաձևում հիշատակվում է և պետական, և հասարակական կառույցների գործունեությունը (Россотрудничество-ն և «Русский мир» հիմնադրամը), «կեղծլրատվական և մուլտիմեդիալ գործակալությունները» (Russia Today, Sputnik):


Փաստորեն՝ Եվրախորհրդարանը որոշել է ընտրական ցիկլից առաջ ոչ միայն քթի տակ, այլև շուրջբոլորը նայել և վերջապես նկատել է, որ ժողովրդավարությունից Թուրքիայում մնացել է միայն դեռ չձերբակալված ժողովուրդը, իսկ Ռուսաստանը նույնացրել է լրատվությունն ու քարոզչությունը, քարոզչությունն ու ապատեղեկատվությունը և տարածում է իր ազդեցությունը Եվրոպայում՝ ապավինելով խոսքի ազատությանը՝ եվրոպացիների զենքն ուղղելով իրենց դեմ: Ի դեպ, արձագանքելով Էրդողանին՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը հայտարարել է, որ առաջիկայում ընդլայնվելու ծրագրեր չունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ